ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեր նախնիների հիշատակը պահանջում է վերադառնալ մեր արմատներին

Մեր նախնիների հիշատակը պահանջում է վերադառնալ մեր արմատներին
06.06.2017 | 04:32

(ինչ կարծիքի է թուրք ազգագրագետ պրոֆեսորը Սիբիրի շինծու «թուրք եղբայրների» մասին)

Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող հրապարակումը թուրք ազգագրագետ, պրոֆեսոր ՄԱԽԹՈՒՐՔԸ կարդացել է Յակուտսկում թյուրքախոս ժողովուրդների և Թուրքիայի թուրքերի ընդհանրություններին նվիրված գիտաժողովում:

Ондатра-барс йохтур Табарыстар
Ондатрабарсу не товарищ (турецкая пословица)

ԵՍ, ՈՐՊԵՍ ՃՇՄԱՐԻՏ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ, ՈՐՈՇԵՑԻ ՄԵԿՆԵԼ ՆԱԽՆԻՆԵՐԻՍ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ՄԻՋԻՆ ԱՍԻԱ ԵՎ ԱԼԹԱՅԻ ԵՐԿՐԱՄԱՍ


Գլոբալացման գործընթացը շատ արգելանքներ հիմնահատակ ավերեց և շատ ժողովուրդների ազատության ոգի ներշնչեց, պայքարի կոչեց հանուն իրենց իրավունքների: Շատ երկրներ փլուզվեցին, ինչպես ԽՍՀՄ-ը, Հարավսլավիան: Հիմա այդ ճանապարհին է նաև Իրաքը: Գլոբալացումը սպառնալիքի տակ է դնում ազգային ինքնության ընկալումը: Այդ գործընթացն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Բացասականն այն է, որ այն կարող է խարխլել ընտանեկան, կրոնական ավանդույթներն ու աշխարհը վերածել մի անդեմ, միօրինակ զանգվածի, որը կարելի է հեշտ կառավարել: Ես, որպես թուրք ժողովրդի զավակ, ներքուստ միշտ ըմբոստացել եմ դրա դեմ: Հատկապես այն բանից հետո, երբ Եվրոպան Թուրքիայից պահանջեց փոփոխել մեր քրեական օրենսդրության 301-րդ հոդվածը: Բայց դա շատ բան փոխեց իմ կյանքում:


Ես ազգագրագետ եմ և տասնյակ տարիներ ուսումնասիրել եմ թուրքերի թե՛ հին, թե՛ արդի ճարտարապետությունը, երգերն ու պարերը, ազգային տարազները, կենցաղը, հարսանեկան ծեսերը, հուղարկավորության արարողությունները, խոհանոցը, տների կառուցման ներքին ու արտաքին առանձնահատկությունները և այլն: ՈՒսումնասիրել եմ այն ամենը, ինչ կապված է թուրք ժողովրդի հետ:
Շատ անգամ եմ հպարտություն ապրել իմ ժողովրդի մշակույթի համար: Բայց ես, որպես գիտնական, պետք է այդ գիտելիքներն ու մշակույթը փոխանցեմ երիտասարդ սերնդին, որ նա չընկնի օտար մշակույթի կամ հակամշակույթի ազդեցության տակ: ՈՒստի ես ուզում էի իմանալ` ովքե՞ր ենք մենք՝ ժամանակակից թուրքերս, որտեղի՞ց ենք եկել և ո՞ւր ենք գնում:
Եվ ես, որպես ճշմարիտ հայրենասեր, որոշեցի մեկնել նախնիներիս հայրենիքը՝ Միջին Ասիա և Ալթայի երկրամաս, Ռուսաստան, և տեսնել, թե որտեղից են 12-րդ դարում իմ նախնիները՝ սելջուկները, օղուզները և թուրքմենները, եկել Անատոլիա: ՈՒզում էի ծանոթանալ թուրք ժողովրդի արմատներին, նրա մշակույթի, կենցաղի պատմությանը, ավանդույթներին, լեզվին, ընտանեկան փոխհարաբերություններին և այլն: ՈՒզում էի կամուրջներ գցել Թուրքիայի թուրքերի և թյուրքախոս ժողովուրդների միջև և նրանց հայացքը կենտրոնացնել մեր ընդհանուր արմատների վրա: Այն ժամանակ ինձ թվում էր, թե մենք միևնույն ժողովրդի երկու մասերն ենք և պետք է ընդհանուր շատ բաներ ունենանք: Միջին Ասիայի և Ալթայի մեր եղբայրները միապաղաղ ապրում էին իրենց հողերում: Իհարկե, խորհրդային տարիներին նրանք 70-80 տարի ենթարկվել էին մշակութային էքսպանսիայի և կորուստներ էին կրել: Բայց այլ բան է 800 տարին, երբ մենք՝ Թուրքիայի թուրքերս, կտրվել էինք մեր հարազատ կենսաբանական դաշտից: Մենք դարերով ապրել էինք քաղաքակրթական նոր դաշտում, և օտար մշակույթը ուժեղ ազդեցություն է գործել մեր մշակութային զարգացման վրա:

Նստակյացությունը՝ ահա թե որն էր տեղաբնիկների գլխավոր ազդեցությունը սելջուկների վրա:
Ազգագրագետները գիտեն. ցանկացած ժողովրդի ինքնատիպությունն ուսումնասիրելու և իմանալու համար պետք է շրջել խուլ գյուղերով, որտեղ մարդիկ չեն ենթարկվել ժամանակի ազդեցություններին՝ քաղաքակենտրոնացմանը, արևմտահակությանը, գլոբալացմանը և այլն: Ազգագրագետի համար, բարեբախտաբար, նման վայրեր դեռևս կան Միջին Ասիայում: Իհարկե, ոչ այնքան անաղարտ ձևով, սակայն, համենայն դեպս, բավական շատ տեղեկություններ կան, որոնք մեզ պատկերացում են տալիս թյուրքախոս ժողովուրդների կենցաղի, ավանդույթների, բարքերի մասին գիտական տեսակետից: Ես ապուշ էի կտրել, տեսնելով, թե մենք՝ Անատոլիայի թուրքերս, որքան նման չէինք նրանց ո՛չ արտաքինով, ո՛չ կենցաղով, ո՛չ վարքուբարքով: Չկար մի որևէ ընդհանուր բան, որ կարողանար մեզ բնորոշել որպես նույն ռասայական ազգակցությունն ունեցող ժողովուրդների: Բոլոր տեղեկություններն ու հարուստ նյութն ուսումնասիրելուց հետո հանգեցի հետևյալ եզրակացությանը. Միջին Ասիայում և Ալթայում ապրող թյուրքական խմբին պատկանող բնակիչները մարդաբանական տեսակետից մոնղոլոիդներ են, իսկ մենք՝ Անատոլիայի թյուրքական խմբին պատկանող բնակիչներս, եվրոպեոիդներ: Իհարկե, Թուրքիայում կան անատոլիացի մոնղոլոիդ թուրքեր, բայց նրանք փոքրամասնություն են: Այդ դեպքում հարց է առաջանում. եթե մենք միևնույն մարդաբանական ու ռասայական տիպին չենք պատկանում, ապա ինչպե՞ս կարող ենք պնդել, թե մենք ազգակից ժողովուրդներ ենք: Իսկ որոշ քաղաքական գործիչներ և արվեստի մարդիկ, ընկնելով չափազանցության մեջ, մեզ անվանում են արյունակից եղբայրներ, չնայած մենք արտաքուստ նման չենք, ինչը երևում է անզեն աչքով: Որոշ պատմաբաններ մեր եվրոպեոիդությունը բացատրում են հայերի, հույների, սլավոնների և այլ ազգերի հետ միախառնվելով:
Բայց դա համոզիչ չի հնչում, քանի որ միախառնվելու դեպքում պահպանվում են ռասաներին բնորոշ որոշ գծեր, ինչպես, օրինակ, խառնածինների՝ մուլատների ու մետիսների մոտ:

ԵՍ ՀԱՄԱՌՈՏԱԿԻ ԿՇԱՐԱԴՐԵՄ ԱՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԱՆԱՏՈԼԻԱՅՈՒՄ


Երբ վերադարձա Թուրքիա, որոշեցի գտնել այն թյուրքական ցեղերի ժառանգներին, որոնք 800 տարի առաջ Ալթայից եկել էին Անատոլիա: Սկսվեցին իմ ճամփորդությունները Թուրքիայում, բայց արդեն մեր պատմությանը նայելով նոր տեսանկյունից: Ես փորձում էի գտնել թյուրքախոս ժողովուրդների ընդհանուր գծեր: Համեմատում էի երաժշտական գործիքների մատնատեղերը, մեղեդիների կառուցվածքները, պարերը, ազգային տարազները, ծեսերը, սովորույթները, հեքիաթները: Մի խոսքով, այն ամենը, ինչը բնորոշում է ռասայի, ժողովրդի ցեղերի առանձնահատկությունները: Ընդհանուր գծեր չգտնվեցին: Եվ հասկացա, որ մենք թուրքեր չենք: Դա ինձ համար ահավոր ցնցում էր: Ինձ մի հարց էր մտատանջում. եթե մենք թուրքեր չենք, հապա ո՞վ ենք: Եվ ովքե՞ր են թուրքերը: ՈՒսումնասիրելով ինչպես թուրքական աղբյուրներն ու աշխատությունները, այնպես էլ արտասահմանյանները (մենք երկար ժամանակ հնարավորություն չունեինք օգտագործելու արտասահմանյան աղբյուրներն ու աշխատությունները), ես համառոտակի կշարադրեմ այն պատմությունը, թե ինչպես են թուրքերը հայտնվել Անատոլիայում:


12-րդ դարում Ալթայից և Միջին Ասիայից որոշ թյուրքական ցեղեր, որոնք պատմության մեջ հայտնի են որպես ակ կոյունլուներ, կարա կոյունլուներ, օղուզներ և այլն, իրենց տափաստաններում գոյության միջոցներ չգտնելով ո՛չ իրենց, ո՛չ էլ իրենց ոչխարների համար, շարժվեցին դեպի հարավ-արևելք: Սկսվեցին հարձակումները չինական հողերի վրա: Եվ դա չինացիներին ստիպեց թյուրքական ասպատակություններից և արտաքին որևէ ազդեցությունից պաշտպանվելու համար կառուցել հսկայական պարիսպ: Չինական պարսպի կառուցումից հետո թուրքերն այլևս չէին կարող այնտեղ գոյատևել, և նրանք շարժվեցին դեպի Իրան, Հայկական լեռնաշխարհ և Փոքր Ասիա:


Մեր պաշտոնական պատմագրությունը Օսմանյան կայսրությունը ներկայացնում է շատ դրական տեսանկյունից: Մեր դասագրքերը լի են Մեծ Թուրանի, հայրենասիրության և հպարտության գաղափարներով: Հեռուստատեսությունն Օսմանյան կայսրության պատմությունն այնքան գեղեցիկ է ցուցադրում, որ հավաստիության մասին չես էլ մտածում: Եվ հպարտությամբ ես համակվում քո նախնիների հանդեպ: Այսպես մեզանում են գրում: Իսկ թե ի՞նչ են գրել ուրիշ ժողովուրդները մեր պետության կայացման մասին, մեզ հայտնի չի եղել, և օտարերկրյա հեղինակների աշխատություններից կամ արտասահմանյան աղբյուրներից օգտվելու ամեն փորձ շատ վտանգավոր էր: Բայց ահա ի հայտ եկավ համացանցը, և ամբողջ տեղեկատվական դաշտը դարձավ շատ մատչելի: Եվ այն, ինչ ես գտա արտասահմանյան աղբյուրներում, ցնցեց ինձ: Առաջինը՝ ատելությունն էր թուրքերի նկատմամբ (զուր չէ, որ շատ ժողովուրդների լեզուներում «Դու հո թուրք չես» արտահայտությունը հնչում է իբրև վիրավորանք-խմբ.): Ինձ համար ցավալի ու վիրավորական էր մեծ ֆրանսիացի Վիկտոր Հյուգոյի խոսքը թուրքերի մասին. «Որտեղ կտեսնեք ավեր, մահ, թալան ու բռնություն, իմացեք, այդտեղով թուրքն է անցել»: Բայց ես ավելի ու ավելի եմ հակվում այն մտքին, որ Հյուգոն ճիշտ է եղել: (Ռուս-թուրքական պատերազմի մասին ամերիկյան «New-York Daily Tribune» թերթի համար 1854 թ. գրած հոդվածներից մեկում Կարլ Մարքսը մի այսպիսի փաստ է արձանագրել. նահանջելիս թուրք ասկյարները ոչնչացնում էին ճանապարհին հանդիպած գյուղերի ընտանի կենդանիների ողջ գլխաքանակը, և դա անում էին ոչ թե իրենց բաշիբոզուկներին սնունդ ապահովելու համար, դրա կարիքը չկար, այլ տեղացիներին տնտեսական ծանր կացության մեջ գցելու և ցույց տալու համար, թե որքան դաժան են իրենք. հաճույք էին ստանում դրանից-խմբ.):

«ԲԱՇԻԲՈԶՈՒԿ» ԹՈՒՐՔԵՐԵՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ ԶՈՐԱԿԱՆՆԵՐ՝ ԽԱՌՆԱԶՈՐ


Այն օրվանից, ինչ սելջուկ-թուրքերը լցվեցին Փոքր Ասիա և Հայկական լեռնաշխարհ, նրանք սկսեցին խնդիրներ ունենալ ժողովրդագրական առումով: Բազմաթիվ պատերազմներից ու կորուստներից հետո երիտասարդ, նոր-նոր ձևավորվող պետությունը կարող էր մնալ առանց կռվող ուժի և կորցնել պետականությունը: Նրանք հասկանում էին, որ բանակի ինքնավերարտադրությունը բնական ճանապարհով արդեն անհնար է, և որոշեցին այդ խնդիրը լուծել այլ կերպ: Սեփական բանակը համալրելու ամենաարագ եղանակը հպատակների երեխաներին խլելն էր:
Թուրքիայում բնակվող քրիստոնյա ժողովուրդների թրքացումը կատարվում էր շատ դաժանորեն: Շատ քրիստոնյաներ՝ հույներ, հայեր, սլավոններ, ասորիներ, չէին կարողանում վճարել այն ժամանակվա հսկայական հարկերը: Պետությունը, բացի բնամթերքից, նաև փող էր գանձում, իսկ գյուղացիք կանխիկ փող չունեին: Առևտուրը կատարվում էր ապրանքափոխանակության եղանակով: Քրիստոնյաները, չկարողանալով վճարել հարկերը, ենթարկվում էին ֆիզիկական բռնության կամ մահապատժի, իսկ նրանց երեխաներին ու կանանց վերցնում էին պարտքի դիմաց: Շատերին ստիպում էին իսլամ ընդունել:

Քրիստոնյաներն ավելի ու ավելի հաճախ էին հեռանում երկրից: Մյուս կողմից, ժամանակի ընթացքում շատերը դառնում էին թուրքախոս, իսկ միառժամանակ հետո էլ՝ թուրք:
Այս բոլոր փաստերը վաղուց հայտնի են եղել բոլորին, բայց միայն ոչ Թուրքիայի բնակիչներին: Պատմության մեկնաբանման պաշտոնական կուրսից ամենաչնչին շեղման համար իշխանությունները պատժում են դաժանորեն: Նրանց սկզբունքն է՝ Օսմանյան կայսրության մասին կա՛մ լավը, կա՛մ ոչինչ: Թուրքիայի ժողովուրդների զանգվածային թրքացումը հսկայական քաղաքական նշանակություն է ունեցել և ունի ինչպես սելջուկների, օսմանցիների, այնպես էլ Թուրքական Հանրապետության համար, քանի որ Փոքր Ասիայի և Հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցության վերածնությունը կհանգեցնի Թուրքիայի կործանմանը:


Ես չեմ ասում, թե Թուրքիայում զտարյուն թուրքեր չկան: Կան, իհարկե: Այսօր սելջուկների ու թուրքմենների ժառանգները՝ համեմատաբար զտարյուն մոնղոլոիդ թուրքերը, ապրում են Թուրքիայի որոշ շրջաններում: Բնականաբար, նրանք չէին կարող լրիվ անհետանալ:
Անկեղծ ասած, ես չեմ ուզում մատնացույց անել նրանց կոմպակտ բնակության վայրերը, քանի որ նրանք մեղավոր չեն, որ սելջուկների ժառանգներն են, և նրանք չպետք է պատասխան տան իրենց նախնիների դաժան արարքների համար: Մենք նույն երկրի քաղաքացիներ ենք, և եթե մեր համերկրացիներից մեկնումեկը ազգային ինքնության ճշգրտման ճանապարհին ընդունում, ճանաչում ու հարգում է իր արմատները, նախնիների ոգին, հարգում է նրանց հիշատակը, ապա նա ազատ է ազգային պատկանելության ընտրության գործում: Այս գաղափարը շատերին կարող է ծիծաղելի կամ սադրիչ թվալ, որովհետև մեր մեջ նստած է հեքիաթային հրեշի նման հսկայական մի վախ: Այդ վախը, որ մեզ է փոխանցվել մեր թրքացված հայրերից ու պապերից, դեռ պահպանվում է մեր ենթագիտակցության մեջ:
Իմ կարծիքով, հիմա ժամանակներն ուրիշ են: Ժամանակն է դեն նետելու վախի բեռը և համարձակորեն նայելու ճշմարտության աչքերին: Իսկ ճշմարտությունը նորից բուն արմատներին դառնալն է: Այսօր Թուրքիայում բոլորը, սկսած բարձրաստիճան պաշտոնյաներից և վերջացրած շարքային քաղաքացիներով, ազգային ինքնության ճշտման խնդիր ունեն:


Շատերը հարց կտան. ինչո՞ւ եմ ես հենց հիմա խոսակցություն սկսել ազգային ինքնության մասին: Պատասխանեմ: Վերջին ժամանակներս սկսել են ավելի ու ավելի շատ, հաճախ ու համարձակ խոսել հայ ժողովրդի ցեղասպանության մասին, ինչպես նաև հույն, ասորի, անգամ քուրդ ժողովուրդների ցեղասպանության մասին: Մեր շրջանակներում հանդիպում են ավելի ու ավելի շատ մարդիկ, ովքեր չեն թաքցնում իրենց հայկական, հունական, ասորական, սլավոնական արմատները: Ֆեթիե Չեթինի պատմությունը ցնցեց ամբողջ Թուրքիան: Իսկ որքան այդպիսի հայ աղջիկներ են եղել, որոնք բռնի առևանգվել են արտաքսման ժամանակ և հետո թրքացվել...


Ես դիմում եմ իմ հայրենակիցներին: Թանկագիններս, գրի առեք ձեր ընտանիքների պատմությունը, գրեք ազնվորեն ու սրտացավ, պատասխանատվության զգացումով: Մեր նախնիների հոգիները տագնապած են ու թափառում են տիեզերքի անծայրածիր տարածություններում: Նրանք փոխել են կրոնը, որ փրկեն իրենց ընտանիքները, զավակներին ու թոռներին: Հակառակ դեպքում չէինք լինի նաև մենք: Մեր նախնիների հիշատակը պահանջում է վերադառնալ մեր արմատներին: (Պետք է ենթադրել, որ հարգելի պրոֆեսորը ճշտել է իր ազգային ինքնությունը-խմբ.):

Պրոֆեսոր ՄԱԽԹՈՒՐՔ
Թարգմանությունը՝
Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
  • ԲԱՇԻԲՈԶՈՒԿՆԵՐ
Դիտվել է՝ 16397

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ